Արտանիշի հետազոտական-բնապահպանական վրանային ճամբար

 

Կրթահամալիրի դասավանդողների, սովորողների 2023թ. վրանային-լողափային հետազոտական-բնապահպանական ճամբարը կազմակերպվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Արտանիշ թերակղզում, Ճամբարակ համայնքի՝ Շողակաթ (Շորժա) գյուղի տարածքում (2021-ին, 2022-ին ճամբարը կազմակերպվել է Մարտունի համայնքի՝ Վաղաշենի տարածքում)։ 

Սովորողի համար Արտանիշի ճամբարի մասնակցությունը հաշվառվում է  որպես ուսումնական պլանով որոշված արշավային ճամբար՝ անվտանգ, գրավիչ լողուսուցումով։ 

Տարածքում մոծակ չկա, խմելու ջուր և էլեկտրական հոսանք կա, լողափը ապահով է, մաքուր, հարմար, ընդարձակ ու գրավիչ։ Անտառային շերտը, փշատերև ծառերը, Արտանիշ լեռնազանգվածը, լճափը, նորատունկ, ընդարձակ մրգատու այգիները, Արտանիշ թերակղզին՝ Արտանիշի արգելոցով, կենդանաբանական, բուսական աշխարհի բազմազանությունը, հիդրոէկոլոգիան, Սևանա լիճը՝ բնագիտական հետազոտության, մոտակա գյուղերը  հայրենագիտական, բնապահպանական ուսումնասիրության հարուստ նյութ ունեն։ Ընտրված հատվածին կից «Կենարար սոճի» տնակային հանգստյան գոտին է։ 

ճամբարի գործունեությունը կազմակերպվում է սահմանված կարգով, դպրոցների, քոլեջի, մանկավարժության կենտրոնի ղեկավարների հայտերով։ 

Ճամբարի բովանդակության համաձայն կազմվում են ջոկատների ծրագիր-աշխատակարգերը. 

  • բնագիտական հետազոտական աշխատանք՝ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և  հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի (տնօրեն՝ Սարգիս Աղայան), կենդանաբանություն ինստիտուտի (տնօրեն՝ Լևոն Աղասյան), հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի (տնօրեն՝ Էվելինա Ղուկասյան),ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի (տնօրեն՝ Արսեն Գասպարյան) մասնագետների ներգրավմամբ. 
  • վերելք Արտանիշ գագաթ, շրջակա բարձունքները. 
  • հայրենագիտական-բանահավաքչական. Շողակաթի (Շորժայի), Ճամբարակի այլ բնակավայրերի ծանոթություն, մարդկանց պատմություններ, բարբառներ. 
  • երաժշտություն, պար, ծես. 
  • տեխնոլոգիա, կերպարվեստ. 
  • ընթեցանություն-քննարկում, ներկայացում. 
  • մարզական խաղեր. 
  • լող. 
  • խարույկ։ 

Ճամբարում առկա են

  1. վրաններ
  • 2 մեծ վրան, յուրաքանչյուրը 7 հոգու համար
  • 4 փոքր վրան, յուրաքանչյուրը 2 հոգու համար

2. բացօթյա խոհանոց

3. զուգարաններ, ծորակ, ցնցուղ

4. հանդերձարաններ։

Ճամբարականն ունի անհատական ուսապարկ և քնապարկ:

Ճամբարականների սնունդը կազմակերպվում է տեղում՝ ջոկատավարների և ճամբարականների համատեղ գործունեությամբ:

Մեկ ճամբարականի ուղեգրի արժեքը՝ 7500 դրամ (եռօրյա) և 10 500 դրամ (հնգօրյա):

Ճամբարը ունի իր բլոգը՝ https://bnapahpanakan.wordpress.com/    

Ճամբարի օրացույցը՝ հուլիսի 17-ից 3-5-օրյա հերթափոխներով։  

Оставьте комментарий